Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ Արցախում նոր գյուղ է հիմնվել` Նոր Կիլիկիա
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հասարակություն
13.05.2013

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ Արցախում նոր գյուղ է հիմնվել` Նոր Կիլիկիա
Մարտակերտի շրջանում մայիսի 12-ին տեղի է ունեցել Նոր Կիլիկիա գյուղի առաջին տասը բնակելի առանձնատների բացման հանդիսավոր արարողությունը:
Գյուղը կառուցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և ԼՂՀ կառավարության համատեղ ուժերով: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին այս օրերին Արցախում գտնվող՝ Թեհրանի և Հյուսիսային Իրանի հոգևոր թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք և բարերարներ:

Շնորհավորանքի և երախտիքի խոսքում վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ Նոր Կիլիկիա գյուղի հիմնադրման նախաձեռնությունը պատկանում  է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, որին սիրով արձագանքել է ԼՂՀ կառավարությունը: «Պատահական չէ Նոր Կլիկիայի կառուցման համար ընտրված վայրը, քանի որ այն կառուցվում է արցախյան պատերազմի ժամանակ բախտորոշ նշանակություն ունեցող տարածքում»,-ասաց վարչապետ Հարությունյանը` նշելով, որ ժամանակին նաև այդ տարածքում էր վճռվել Արցախի ճակատագիրը:

Թեհրանի և Հյուսիսային Իրանի հոգևոր թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը շնորհավորելով նորաբնակներին նշեց, որ Ղարաբաղը վերանկախացավ առաջին հերթին մեր ժողովրդի հավաքական հավատքով, ամուր վճռականությամբ ու արյան վկայությամբ: «Անկախություն կերտելը, ճիշտ է, մեծ զոհողություն է ենթադրում, սակայն այն պահելն ու ամրապնդելը ավելի մեծ զոհողություն և հավաքական ճիգ ու ծրագրված աշխատանք է ենթադրում»,-ասաց հոգևոր առաջնորդը:

Առաջին փուլում կառուցված 10 երկսենյականոց առանձնատներից  երկուսը հանդիսավոր պայմաններում հանձնվեցին արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների, իսկ մյուս ութը տրվեցին վերաբնակիչ  երիտասարդ ընտանիքների:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, նախաձեռնությունից կօգտվեն ավելի շատ ընտանիքներ, քանի որ մոտ ապագայում կկառուցվեն ևս 24 առանձնատներ: «Նորակառույց թաղամասի աջ և ձախ թևերում առաջիկայում կկառուցվի ևս 24 տուն, որից 10-ը` երեք սենյականոց և 14-ը` 2 սենյականոց»,-ասաց ԼՂՀ քաղաքաշինության նախարարը` հավելելով, որ ըստ նախագծի, կկատարվի նաև տարածքի բարեկարգում, փողոցների լուսավորություն, մայթերի կառուցում: Նոր Կիլիկիայում նախատեսվում է կառուցել նաև 50 տեղանոց մանկապարտեզ, համայնքային կենտրոն և եկեղեցի:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38