ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
13.05.2013

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում եւ Հունաստանում
Նիդերլանդներ

Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Այս տարի առաջին անգամ միջացառումներն անցան ավելի ընդգրկուն ձեւաչափով եւ, Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանություններից բացի, իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Լեհաստանի, Կանադայի, Ֆրանսիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ի դեմս ռազմական կցորդների, ինչպես նաեւ Նիդերլանդների իշխանություններն՝ ի դեմս ԱԳՆ ներկայացուցչի: Ավանդույթի համաձայն՝ միջոցառմանը մասնակցեցին նաեւ Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, համակենտրոնացման ճամբարների վերապրածներ եւ նրանց զավակներ, համայնքային ներկայացուցիչներ: 

Երկրորդ աշխարհամարտի տարիների «Կուդրիստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղակայված հուշարձանին ծաղկեպսակներ տեղադրելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի «Ռուստհոֆ»  գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային բանակի 865 զինվորների աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են նաեւ 10 հայ զինվոր: 

Հուշահամալիրում բարձրացված էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, մասնակից դեսպանությունների ռազմական կցորդների ու քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին: 

Այնուհետեւ, մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Դաշնակից երկրների զինվորների հիշատակին նվիրված «Զոհաբերության խաչ», ինչպես նաեւ պատերազմում զոհված  հոլանդացի զինվորների ու քաղաքացիների հիշատակին նվիրված հուշարձաններին: 

Հունաստան

Մայիսի 9-ին Աթենքի Կալիթեա թաղամասում տեղի ունեցավ Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն: 

Հուշարձանին ծաղկեպսակ դրեց նաեւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Միջոցառման մասնակիցների թվում էին Աթենքում հավատարմագրված ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38