Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Ալեք Մանուկյան Բարեգործությունը նրա կյանքի իմաստն էր
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Բարերարներ
Ալեք Մանուկյան Բարեգործությունը նրա կյանքի իմաստն էր
Բարեգործությունը նրա կյանքի իմաստն էր
Ամեն երկիր հզոր է արժանավոր զավակներով ու նրանց սնած, ուժ տված հողով: Ցավոք, հայոց հողն այսօր դատապարտված է իր գրկի մեջ առնել օտարի հողում ապրած հայրենանվեր զավակների աճյունները միայն: Այս տարվա հուլիսի 17-ը հայ ժողովրդի կյանքում նշանավորվեց ևս երկու զավակների ուշացած «վերադարձով», երբ հեռավոր Դետրոյթից Սբ Էջմիածին տեղափոխվեցին հայ բարերարներ Ալեք Մանուկյանի և նրա կնոջ` Մարի Մանուկյանի աճյունները` վերաանթեղվելու իրենց անունը կրող գանձատան բակում: Մահը նրանց ֆիզիկապես մոտեցրեց իրենց հողին, սակայն կյանքի օրոք այս հրաշալի անձնավորությունները երբեք հոգուց ու մտքից չհանեցին Հայաստանը և իրենց ողջ կյանքն ու կարողությունը ներդրեցին հայապահպանման գործին թե սփյուռքում, թե Հայաստանում:

Ալեք Մանուկյանը Իզմիրի շրջանի Քասապա գյուղաքաղաքից էր: Նրա հայրը` Թագվոր Մանուկյանը, հայ համայնքի առաջնորդն էր` հարգված ու ձեռներեց մի մարդ, ով ընտանիքը պահում էր հացահատիկի առևտրով: Տղան սկզբնական շրջանում օգնում էր հորը` համատեղելով ուսումն ու աշխատանքը: Դեռ դպոցական տարիքից աչքի էր ընկնում հայագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությամբ ու հայրենասիրությամբ: Ալեք Մանուկյանի կյանքի առաջին տարիները համընկան հայ ժողովրդի ողբերգական էջին, երբ թուրքի յաթաղանից հալածված` բազմաթիվ հայեր լքեցին հայրենիքը ու ապաստան գտան օտար ափերում: Երբ 1915 թ. սարսափելի եղեռնից հետո հայերի համար հայրենիքում մնալը վտանգավոր դարձավ, թերևս միայն Թագվորի հեղինակությունն ու հարգանքը կարողացան նրա ընտանիքը զերծ պահել թուրքերի ոտնձգությունից: Սակայն երաշխիք չկար, որ մի օր նաև նրանք չէին դառնա դավադիրների զոհը: Ուստի 1920 թ. 19-ամյա Ալեքն ընդամենը մի քանի տասնյակ դոլար գրպանում, շատ շատերի հետ բռնում է պանդխտության ճանապարհը, դեպի ԱՄՆ` երկիր, որտեղ ոչ միայն ապահով էր, այլև երազանքներն իրականացնելու առումով հեռանկարային:

Հետագայում նրան են միանում ընտանիքի մյուս անդամները: Սկզբնական շրջանում նա հաստատվում է Բրիջպորտում (Կոնեկտիկուտ), որտեղ որպես բանվոր աշխատանքի է անցնում գործարաններից մեկում, միաժամանակ գումար վաստակում մեծահասակների համար երեկոյան հայոց լեզվի դասընթացներ կազմակերպելով: Սակայն դա չի բավարարում ապագա գործարարին և քաղաքից քաղաք տեղափոխվելով` 1924 թվականին նա ընտանիքի հետ վերջնականապես հաստատվում է Դետրոյթում` աշխատանքի անցնելով մեքենաշինական մի ընկերությունում: Եռանդուն երիտասարդը Ամերիկա էր մեկնել սեփական գործը հիմնելու և ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովելու փափագով: Նոր երկրին, նոր միջավայրին ու նոր բարքերին Մանուկյանը նախանձելի արագությամբ է ընտելանում և շնորհիվ իր խելքի ու աշխատասիրության` 1929 թվականին, երբ ողջ Ամերիկան հազարավոր փորձառու և հաջողակ ընկերությունների կործանման պատճառ դարձած մեծ ճգնաժամի մեջ էր, հիմնում է ավտոմեքենաների մասեր արտադրող սեփական «Մասքո» ընկերությունը: Այն  բարգավաճում է և շուտով շահույթ ապահովում գործարանատիրոջը: Այդ ընթացքում երիտասարդ Մանուկյանն ամուսնանում է Մարիի հետ` ողջ կյանքում հանձին նրա` կողքին ունենալով հավատարիմ ու նվիրված, խելացի և բարեսիրտ ընկերուհու և կյանքի ուղեկցի: Սակայն միայն գործերի հաջող ընթացքը, անձնական երջանկությունը և ընտանիքի բարօրությունը չէին բավարարում Ալեքի հոգևոր պահանջները: Նա սրտացավությամբ էր նկատում, որ հայրենակիցները օտարի երկրում կանգնած են ձուլման եզրին: Հայապահպանման գործին ծառայելու և սփյուռքահայերին բաժին ընկած փորձությունները թեթևացնելու բուռն ձգտումով նա 1930-ին անդամագրվում է Հայկական բարեգործական համընդհանուր միությանը` մեծ առաքելություն դնելով իր ուսերին և ողջ պատասխանատվությամբ ու հետևողականությամբ լծվելով այդ գործին, ինչպես նաև չմոռանալով իր գումարները կրկնապատկելու մասին, ինչն այնքան անհրաժեշտ էր հայապահպանության համար մղվող պայքարում: Հետագայում վերհիշելով այդ տարիները` Մանուկյանն ասում էր. «Որոշ ժամանակ անց ցանկացա ընդարձակել գործս և մեկ միջոց ունեի` գործիս բաժնեթղթերը ծախել հանրության, և ես առաջին հայ արդյունաբերողն եմ ԱՄՆ-ում, որ սակարանում ծախեց մեծ քանակությամբ արժեթղթեր: Տղաս ծնվեց, և ես այնքան էի գործով զբաղված, որ նրան կարողացա տեսնել շաբաթվա վերջում` 6 օր անց: Ահա այդպիսի դաժան մրցակցություն էր շուրջս»:

«Մասքոյի» շահույթն սկսեց կտրուկ աճել երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ արտադրանքի վաճառքի ծավալներն առաջին անգամ գերազանցեցին մեկ միլիոն դոլարը: «Մասքոն» հայի հիմնած առաջին արդյունաբերական ձեռնարկությունն է, որը համաշխարհային ճանաչում է ստացել: Այսօր Մանուկյանի հիմնած ընկերությունը ընդգրկված է ԱՄՆ-ի ամենախոշոր ձեռնարկությունների ցուցակում:

Ամենակարևորը սակայն այն է, որ ընկերության հաջողություններն ու շահույթները հնարավորություն տվեցին հայ բարերարին իրականացնել բազմապիսի հայանպաստ ծրագրեր. միայն այդ դեպքում էր նա իրեն լիարժեք զգում, հասկանում, որ զուր չի ապրում: «Ինձի համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան մը կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»:

Երբ 1953 թ. Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ նախագահ` ավելի է ընդլայնում իր բարեգործությունների սահմանները, որոնք իրագործելու համար անգամ շրջանառության մեջ է դնում սեփական գործից ստացված խոշոր շահույթները: Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ արտաբերած ելույթն ըստ էության կանխորոշում է նրա հետագա գործունեության ընթացքը. «Իմ երազս է Միության նյութական միջոցները բազմացնել. որպեսզի շատ մը կենսական պետքեր, որոնց մանրամասնության մեջ չեմ մտներ, բայց որոնց գլուխը կը գտնվի մեր մշակույթը, հայ գիրն ու գրականությունը, չանտեսվին այլևս»: Ալեք Մանուկյանի դերը ՀԲԸ Միության պատմության մեջ բացառիկ էր: Նա այդ կազմակերպությունը ղեկավարեց 36 տարի, և այդ ընթացքում Միությունը ԱՄՆ-ի ամենախոշոր և արդյունավետ գործող բարեգործական կազմակերպություններից էր համարվում: Որպես վկայություն` բավական է հիշատակել, որ 1952 թվականին, երբ Մանուկյանը դեռ Միության նախագահ չէր ընտրվել, հիմնադրամները 95-ն էին` 7 մլն 4 հարյուր հազար ընդհանուր գումարով. 1989 թվականին, երբ նա հեռացավ իր պաշտոնից, հիմնադրամների թիվն արդեն 465 էր, իսկ գումարը` 98 մլն 5 հարյուր հազար դոլար: 1970 թվականին 17-ամյա ղեկավարումից հետո, որի ընթացքում ՀԲԸՄ ներդրումները 8 մլն-ից աճում են մինչև 50 մլն, Մանուկյանն ընտրվում է ընկերության ցկյանս նախագահ:

Ալեք Մանուկյանի բարեգործությունը միայն հայկական գաղթօջախներով չի սահմանափակվել: Իր հարգանքի տուրքը մատուցելով հյուրընկալներին` նա օգնություն է հատկացրել նաև օտարերկրյա մի շարք հիվանդանոցների, գրադարանների, համալսարանների ու դպրոցների: Իր այդ մարդասիրական գործունեության համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, շքանշանների ու կոչումների:

1989 թվականի օգոստոսին ՀԲԸ Միության 5-րդ նախագահ Ալեք Մանուկյանը Կենտրոնական վարչությանը նամակ է հղում, որով հրաժարվում է Միության նախագահությունից` պատճառաբանելով, որ տարիքի բերումով «իր ուժերը չէին թույլատրեր 21-րդ դարու պարտավորությունները դիմագրավելու ոստումը կատարելու»: Հոր հրաժարականից հետո Միության նախագահությունը ստանձնում է դուստրը` Լուիզ Սիմոն Մանուկյանը:

Ալեք Մանուկյանի կյանքն ու գործունեությունը իր ընտանիքին, ժողովրդին ու հայրենիքին նվիրվածության բացառիկ դրսևորում էր: Ահա ինչու մահից հետո անգամ նրա աշխարհիկ գործերը շարունակվում են շնորհիվ իր երախտապարտ զավակների` Լուիզ Սիմոնի և Ռիչարդ Մանուկյանի: «Վերադառնալով» հայրենիք` մեծագույն բարերարը ստանձնեց վերջին առաքելությունը` իր ներկայությամբ և օրինակով հայ ժողովրդի ունևոր զավակներին ապացուցեց, որ սեփական հարստությունը իմաստ և արժեք է ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ օգտագործվում է ուրիշներին երջանկացնելու և սատարելու համար:

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38