ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 25 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայ ազգի բարեկամներ
ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐ
Նա անմահացրեց Հայ ազգի ցավը, նա ցույց տվեց աշխարհին Ցեղասպանության իրական արհավիքրը...
ՎԵԳՆԵՐ (Wegner) Արմին Թեոֆիլ (Armin Theophil, 16.10.1886, Էլդերֆելդ-Վուպերտալ – 17.5.1978, Հռոմ), գերմանացի գրող, հրապարակախոս: Սովորել է Բրեսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908–1913), ստացել իրավագիտության դ-րի աստիճան (1914): Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1915–1916-ին գերմ. սանիտարական ծառայության կազմում հղել է Թուրքիայում, տեսել Տեր-Զոր (Դեյր էլ-Զոր) քշված բազմահազար հայերի ողբերգությունը, նրանց խոշտանգումները, լուսանկարել սպանդի շատ տեսարաններ:
Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին: Սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում:

Վեգները ծավալել է պացիֆիստական գործունեություն: Տարվելով սոցիալիստական գաղափարներով՝ հանդես է եկել հեղափոխական բնույթի հրապարակախոսություններով ու հոդվածներով, 1919-ին խմբագրել և հրատարակել է «Դեր Օստեն» («Der Osten») առաջադիմական թերթը:

1919-ին Վեգները հրապարակել է բաց նամակ («Կտակ անապատում»)՝ ուղղված ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին, Փաստերով հաստատել թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանությունը և խարազանել արևմտյան իմպերիալիստ պետություններին՝ որպես մեղսակիցների: «1915 թ. գարնանը,— գրել է նա,— երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը ...», «Չկար մեկը, որ խանգարեր ... խելագարված հանցագործների գործողությունները» (Wegner А. Т., «Am Kreuzweg der Welten», էջ 224):

1921-ին Վեգները որպես վկա ներկա է եղել Ս. Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը...», 1921):

1922-ին հրատարակված «Ճիչ Արարատից» գրքույկում, ներկայացնելով Զմյուռնիայի կոտորածները, Վեգները դարձյալ մերկացրել է Թուրքիայի կառավարող շրջանների հայատյաց քաղաքականությունը և արևմտյան տերությունների անտարբերությունը:

1933-ին, ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո Հիտլերին ուղղած բաց նամակում Վեգները դատապարտել է հրեական ջարդերը, բանտարկվել է, նետվել համակենտրոնացման ճամբար: 1934-ին փախել է Գերմանիայից և երկարատև չարչարանքներից հետո հաստատվել Հռոմում (Պերսի Էքշտայն անվան տակ): Վեգները մեկն է այն 250 գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելվել և այրվել են ֆաշիստական Գերմանիայում:
Վեգները գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, նովելներ, ճանապարհորդական նոթեր, որոնց բնորոշ են մարդասիրությունը, եղբայրության գաղափարը, որևէ ազգի հալածանքի մերժումը: Բանաստեղծությունների առաջին գրքույկը հրատարակվել է դեռևս դպրոցական տարիներին: 1910-ին տպագրվել է «Արձակ բանաստեղծություններ» ժողովածուն:

Վեգները «Երկու քաղաքների միջև» (1909), «Լսիր իմ խոսքը, Աննա Մարիա» (1912), «Քաղաքների դիմապատկերը» (1917), «Հազար նպատակներով փողոցը» (1924) բանաստեղծությունների ժողովածուներում գերմանական գրականության մեջ ներմուծել է մեծ քաղաքի թեման: Այդ թեման շոշափված է նաև նրա լավագույն վեպերում՝ «Խոստովանություն» (1922), «Մոնի կամ Աշխարհը ներքևից» (1929): Վեգներին հետաքրքրել է արևելյան թեման: Գերմանական գրականության մեջ նա առաջինն է ներկայացրել Արևելքն առանց վարդագույն երանգավորման՝ «Երանության տանը» (1920), «Պատանի Հուսեյնը» (1921) և այլ պատմվածքներ: Վեգների ստեղծագործության մեջ զգալի տեղ են գրավում ճանապարհորդական նոթերը՝ «Աշխարհների խաչմերուկում» (1930), «Պատվի առնել» (1930, տպավորություններ Սովետական Ռուսաստանից և Հայաստանից), «Մեքենաները տափաստանում» (1932), «Որս հազարամյա երկրում» (1932):

1927-ին սովետական կառավարության հրավերով Վեգներն իր կնոջ՝ արձակագիր Լ. Լանդաուի հետ այցելել է Մոսկվա, մասնակցել Հոկտեմբերյան հեղափոխության X տարեդարձի հանդիսություններին, եղել Հայաստանում, հանդիպել իր հին բարեկամներին (Կարապետ Մելիք-Օհանջանյան, Հակոբ Զորյան և ուրիշներ), որոնց հետ ծանոթացել ու մտերմացել էր Բեռլինում, 1918–1920 թթ.), Երևանի համալսարանում դասախոսություններ կարդացել գերմանական նոր պոեզիայի և Հին Հունաստանի թատրոնի ու թատերգության մասին: Միաժամանակ նյութեր է հավաքել հայերի մասին եռերգություն գրելու համար: Գործը մնացել է անավարտ: Տպագրվել է միայն մի հատված՝ «Պատանի Ադամը» վերնագրով: Վեգները վերստին Հայաստան է այցելել 1968-ին:

Մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, էսսեներով, հուշերով: 1972-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի և բարգավաճող Սովետական Հայաստանի մասին:

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38