ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայ ազգի բարեկամներ
Ֆրիտյոֆ Նանսեն. աշխարհի խիղճը
«Նորվեգիան ծնեց ու մեծացրեց նրան, իսկ աշխարհը` կորցրեց»: Ֆրիտյոֆ Նանսենի մահվան կապակցությամբ հնչած այս խոսքերը վաղուց են շրջում մարդկության շուրթերին:
Ո՞վ էր բացառիկ հնարավորություններով օժտված այս անձնավորությունը, որի թողած հսկա ժառանգությունը վերաբերում է գիտական բազմաթիվ նվաճումների, աշխարհի վրա խաղաղության հաստատման նախաձեռնությունների, մարդկային բարոյական բարձրարժեք նորմերի հաստատմանը, փոքր ազգերի ճակատագրական պահերին սատարելուն: Հենց այս բացառիկ անձնավորության կյանքին ու գործունեությանն է նվիրված Ֆերլիքս Բախչինյանի «Հայ դատի հենասյունը» մենագրությունը, ի նշան սիրո, գնահատանքի ու երախտագիտության մի անհատի նկատմամբ, ով ահավոր Եղեռնից մազապուրծ երեք հարյուր քսան հազար հայերի համար նանսենյան անձնագրերով ապահովեց ապրելու իրավունքը: 

«Իմաստուն մարդիկ պիտի ճառագեն իբրեւ երկնակամարի լուսատուներ, իսկ արդարներից շատերը, առավել եւս` իբրեւ հավիտենական աստղեր»: Աստվածաշնչյան մարգարեի այս խոսքերի լույսով փնտրելով Ֆրիտյոֆ Նանսենի հետ հոգեւոր շփման եզրեր, Ֆելիքս Բախչինյանը գնացել է այդ շփմանը, որից ծնվել են նրա մտորումները գրեթե մեկ դար ու կես առաջ մեծ նորվեգացու մասին: Ներաշխարհային եւ մտավոր կարողություններով օժտված բացառիկ անձնավորություն, որ գիտնական էր, բեւեռախույզ, հասարակական-քաղաքական գործիչ, մարդկության արդար ու խաղաղ կեցության համար մղվող պայքարի մարտիկ: 
Ֆելիքս Բախչինյանի մենագրությունը նվիրված է գիտական իմացության եւ ոգեղեն աշխարհների միասնականացման բարձրակետին գտնվող մի անձնավորության կերպարի ուսումնասիրությանը, որի կյանքի ու գործունեության յուրաքանչյուր մանրամասներից քաղելու հարուստ պաշարներ կան անհատի մարդայնացման հարաճուն ընթացքը պահելու համար: 

Մարդկային արժանապատվության նորմերն ապահովող բազմաթիվ դրույթներ կան Ֆ. Բախչինյանի մենագրության էջերում, կապված մեծ նորվեգացու կյանքի ու գործունեության տարբեր պահերի, տարբեր բնագավառների հետ: 

«Մերձավորին սիրելը միակ ռեալ հնարավոր քաղաքականությունն է»: Նանսենյան այս ձեւակերպման հիմքերը գտնելու համար մենագրության հեղինակը կանգ է առնում նրա` քրիստոնեական կանոնակարգումների նկատմամբ ունեցած ընդամենը հարգալից վերաբերմունքի վրա: Հետո փորձում պարզել, թե ինչ էր նշանակում մերձավորը Ֆրիտյոֆ Նանսենի համար, եւ ինչպես էր սառցաբեկորներում քրտնաջան հետազոտությունների ընթացքում մերձավորի նկատմամբ ունեցած սիրո գաղափարը վերաճում ընդհանրապես մարդ անհատի համար գիտական ու բարոյական բարձրակետ ապահովելու նրա նվիրումին: 

«...Այրեցեք ձեր թողած նավերը, քանդեցեք ձեր հետեւում կամուրջները: Միայն այդ դեպքում ձեզ եւ ձեր ուղեկիցների համար այլ ելք չի մնա, քան միայն առաջ շարժվելը»: Նանսենյան այս խոսքերի վերլուծումներով հեղինակը բացում է պայքարով առաջանալու, հաղթանակի համար մարդկային ոգին անկոտրում պահելու խորհուրդը: 

Վերջապես ո՞վ էր մեզ` հայերիս համար Ֆրիտյոֆ Նանսենը: Մենագրության հեղինակն այս խնդրին մոտենում է երախտագիտական խոր զգացումներով դեպի հայոց իրավունքների անշահախնդիր պաշտպան այս անձնավորությանը: Անդրադարձը դեպի «Խաբված ժողովուրդ» աշխատության հեղինակը, անդրադարձ է Հայ դատին, ձեռքի տակ ունենալով Ազգերի ընկերակցությունում ի նպաստ հայ ժողովրդի աշխատող մեծ մարդասերի գրառումները: 

Ֆ. Բախչինյանը խոհական, հոգեբանական մտորումներով վերաիմաստավորում, ամբողջացնում է Ֆ. Նանսենի կերպարը եւ նրա գործունեության նշանակությունն իբրեւ գիտնականի, մշակութային ու հոգեւոր բնագավառներում խոր վերլուծությունների հեղինակի, հասարակական-քաղաքական գործունեության մեջ մարդասիրական նորմերի ակտիվ պաշտպանի եւ իբրեւ հայ ժողովրդի ազնիվ բարեկամի ու նվիրյալի:

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38