Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 17 / 10 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հռչակավոր հայեր
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունն արժանի կլինի հավերժացնելու… Անշուշտ ու անկասկած դրանց թվում կլինի և Գարեգին Նժդեհի անունը…»:
«Սյունիք», Գորիս, 1920 թ., թիվ 7
Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրև գաղափարական և կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը և որն իր, հիրավի, պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:
Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886 թ. հունվարի 1-ին Նախիջևանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը` Եղիշը, գյուղի քահանան էր) և մնացել մոր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխա. ինքը փոքրն էր:
Սկզբնական կրթությունը ստացել է Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ապա Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ` 17տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետև անցել է Պետերբուրգ և երկու տարի սովորելով տեղի համալսարանի իրավաբանական բաժնում` լքել է համալսարանն ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխական գործին` ցարիզմի ու սուլթանականության դեմ:
1906 թ. Գարեգինն անցնում է Բուլղարիա, ուր Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով` 1907 թ. վերադառնում է Կովկաս:

1907-1908 թթ. մտնում է  Հ. Յ. Դ.  շարքերը և իբրև կուսակցության նշանավոր գործիչ Սամսոն Թադևոսյանի օգնական` մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թ. վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանության կողմից: Բանտերում` Ջուլֆայից մինչև Պետերբուրգ, Գարեգինը մնացել է ավելի քան երեք տարի, ապա անցել Բուլղարիա:
Երբ 1912 թ. սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվել է: Հայկական վաշտն աչքի ընկավ մի շարք հաղթական կռիվներով և 1913 թ. զորացրվեց` հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին:
Բալկանյան պատերազմի տարիներին իրավասությունների հետ կապված ցավալի վեճ տեղի ունեցավ հայկական վաշտի երկու ղեկավարների միջև, որի արդյունքում վաշտը բաժանվեց Նժդեհի և Անդրանիկի կողմնակիցների: Բարեբախտաբար, վաշտի զորացրումից շատ չանցած` Նժդեհը 1913 թ. հոկտեմբերին Հ.Յ.Դ. բալկանյան ԿԿ-ին ուղղեց մի գրություն, որով փակված հայտարարեց իր և Անդրանիկի միջև ամիսներ տևած անախորժ վեճը (Կ. Գևորգյան, «Ամենուն տարեգիրքը», Բեյրութ, 1962, էջ 158, 162-163):

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս` Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում` ղեկավարել հայ-եզիդյան առանձին մի զորամաս:
1917 թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և տեղի հայությանը փրկել կոտորածից:
1918 թ. գարնանը վարել է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցում կարելիություն է ընձեռվել նահանջող հայկական զորամասերին` անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Ն.Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումն Անիից:

Մոտենում էր 1918 թ. մայիսը. վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքի դեմ` Նժդեհն իր խմբով նահանջում է դեպի Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ: Տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը: Եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: «Դեպի ճակա՛տ, այնտե՛ղ է  փրկությունը»,- կհնչեց Նժդեհի հուժկու, վճռական և ինքնավստահ ձայնը (Ավո, «Նժդեհը», Բեյրութ, 1968, էջ 67): Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի գործը: 
Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհն արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի: 
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո` 1918 թ. վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ. օգոստոսից` Կապանի, Արևելքի և Գողթանի (Կապագողթ) ընդհանուր հրամանա¬տար:
* * *
Այն հերոսականը, որ Նժդեհը վարեց 1919-1921 թթ. Զանգեզուրի լեռներում, դարձավ նրա կյանքի և հայոց նորագույն պատմության փառավոր էջը: 
Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը` Սյունիքի հայությունը Նժդեհի ղեկավարությամբ վարեց իր հաղթական դյուցազնամարտը: Լեռնահայության դիմումներին` որևէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ոչ մի կերպ չարձագանքեց: 

Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին: Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն և փոխարենը սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը (գ. Նժդեհ, «Իմ պատասխանը», Սոֆիա, 1937 թ., էջ 31): Ավելին, 1920 թվականի օգոստոսին ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի, Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին` թողնել Կապանն ու Գենովազը և անցնել Երևան (Վ. Գևորգյան «Լեռնահայաստանի հերոսամարտը», Բուխարեստ, 1923 թ., էջ 51): Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի` Զանգեզուրը թողնելու հրամանը և մերժելով Դրոյի առաջարկը` անցնել Երևան` ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ  Սյունիքում և մենակ թողնել լեռնահայությանը:

Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը: Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով` «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը» («Արնոտ գիրք», Գորիս, 1921, էջ 33-34): Այսպես ծնունդ առան Դավիթբեկյան Ուխտերը, որոնց նշանաբանն է. «Հանուն հայրենիքի` Դավիթ Բակաբար»: Դավիթբեկյան Ուխտերի օրինակով էր, որ Նժդեհը հետագայում հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը:
Բացահայտած թուրք-բոլշևիկյան միացյալ դավադրությունը ու չընդունելով ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոհիշյալ համաձայնագրով, փաստորեն, Զանգեզուրն Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում (Գ. Նժդեհ, «Ինքնակենսագրություն», ՀՀ ԱԱՆ արխիվ, Կարճված գործերի ֆոնդ, գ. 11278, հտ. 4)` Սյունիքը շարունակեց կռիվը և  Հայաստանի խորհրդայնացումից հետո` 1920 թ. դեկտեմբերին, իրեն հռչակեց ինքնավար:

1921թ. հունվարին, Դրոն Բաքվից մի հեռագիր հղեց Նժդեհին` առաջարկելով նրան թույլ տալ Զանգեզուրի խորհրդայնացումը` հավատացնելով և վստահեցնելով, որ այդպիսով Մոսկվայի առաջիկա կոնֆերանսում, ուր լուծվում էին նաև վիճելի հողային հարցեր, Խորհրդային Ռուսաստանը բարյացակամ կլինի դեպի Հայաստանը և կպաշտպանի հայ աշխարհավարության շահերը (Վ. Գևորգյան «Լեռնահայաստանի հերոսամարտը», էջ 114-115): Այս անգամ ևս Նժդեհը, իբրև հեռատես քաղաքագետ, չհեռացավ Սյունիքից և շարունակեց մաքառել:
1921թ. Գորիսում լույս տեսավ Նժդեհի «Խուստուպյան կանչեր» փոքրածավալ գրքույկը, որը պարունակում է կոչեր` լեռնահայությանը և պատվիրաններ` իր զինվորներին:
Իր զինվորական հմտությամբ, կազմակերպչական տաղանդով և ոգեշունչ խոսքով Նժդեհին հաջողվեց ստեղծել «ժողովրդական կուռ բանակ մը, որ պատրաստ էր իր հրամանատարի ձեռքի մեկ շարժումին անսալով կրակի մեջն անգամ նետվելու» (Ավո, «Նժդեհ», էջ 210): Նժդեհն էր, որ պարտության դառնությունը ճաշակել տվեց Դենիկին, Կոլչակի ու Վրանգելի բանակները ջարդած և «անպարտելի» հռչակված 11-րդ կարմիր բանակի հեծելազորի պետ Կուրոչկինին:

Նույնիսկ  Փետրվարյան ապստամբության պարտությունը և դրա հետևանքով` 12 հազար գաղթականության (որից` 4 հազար զորք) նահանջը, որ զգալիորեն ազդեցին լեռնահայության բարոյա-հոգեբանական վիճակի վրա, չընկճեցին Սյունիքին, և նա շարունակեց իր հաղթական կռիվները. ապրիլին հռչակվեց Լեռնահայաստանի Հայապետություն` սպարապետ Նժդեհի վարչապետությամբ:
Հունիսի 1-ին Զանգեզուր անցած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան` Ս.Վրացյանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնում էր իբրև սպարապետ): Նոր կառավարությունը թույլ տվեց մի շարք կոպիտ սխալներ, որոնց մեջ ամենից ճակատագրականը եղավ երեք հազար թաթար-թուրքերի` իբրև քոչվոր, իսկ իրականում` որպես ծպտյալ դավադիրներ, Սիսիան ազատ մուտք արտոնումը: Իսկ Երևանից նահանջած զորքը կամավոր անձնատուր եղավ կարմիրներին:

Այս պայմաններում, մի կողմից` Վրաստանի ու Հայաստանի բոլշևիկացումը, Արարատյան գաղթականության` դեպի Սյունիք նահանջը (մասնավորապես` նահանջող մտավորականության և երիտասարդության վաղաժամ անցումը Պարսկաստան), որ բարոյալքիչ ու հոռի ազդեցություն ունեցան լեռնաշխարհի հայության վրա, մյուս կողմից` պարենի ու հացահատիկի չգոյությունը, վարչական և զինվորական մարմինների միջև առաջ եկած անհամաձայնությունները, միաժամանակ` խուսափելու համար ավելորդ հալածանքներից, որին կարող են ենթարկվել Խորհրդային Հայաստանի հայությունը և հաշվի առնելով, որ Հայաստանի բոլշևիկյան ղեկավարությունն իր 1921թ. հունիսի հռչակագրով Սյունիքը համարում էր կցված մայր երկրին` հուլիսին Լեռնահայաստանը տեղի տվեց խորհրդայնացման առաջ:

Թողնելով Զանգեզուրը` Նժդեհը հրաժեշտից առաջ հավաստեց լեռնահայությանը, որ ինքն ընդմիշտ չի հեռանում և պիտի վերադառնա, եթե Երևանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի տերը: Իսկ Խորհրդային Հայաստանի` հեղկոմին ուղղած իր դիմումը հաղթական սպարապետն ավարտում էր սաստող տողերով. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բարելավել հայ գյուղացիության և նրա մտավորության արդար պահանջը» (Վ.Գևորգյան «Լեռնահայության հերոսամարտը», էջ 160):
Երկու տարվա կռիվների ընթացքում թշնամու 15 հազար սպանվածի դիմաց Սյունիքը տվեց ընդամենը մի քանի տասնյակ զոհ, իսկ մոտ 200 գյուղ մաքրագործվեց թուրքերից և վերադարձվեց հայերին:

Շնորհիվ Լեռնահայաստանի հերոսամարտի` հնարավոր եղավ` ա) կոտորածից փրկել լեռնահայությանը, բ) Սյունիքը կցել Մայր հայրենիքին` մահացու անդամահատումից զերծ պահելով Հայաստանը, գ) հոգեբանորեն ու ռազմագիտորեն հնարավոր դարձնել փետրվարյան ապստամբությանը, դ) ապահովել հայ մտավորականության ու մարտական ուժերի նահանջն ու անցումը Պարսկաստան:
Եվ այս ամենը, հիմնականում, շնորհիվ Նժդեհի անհատականության:


*  *  *
Այսպիսով, 1921 թ. հուլիսին Նժդեհը թողնում է Զանգեզուրը և անցնում Թավրիզ: Այստեղ լրջորեն սրվում են հարաբերությունները նրա և Հ.Յ.Դ. բյուրոյի միջև, ինչը սկիզբ էր առել դեռևս Սյունիքի կռիվների շրջանում: Արաքսի պարսկական ափին գտնվելու ժամանակ Հ.Յ.Դ. որոշ ղեկավար անդամներ (այդ թվում` պարենավորման նախարար Հակոբ Տեր-Հակոբյանը) Նժդեհի ներկայությամբ ծեծի ենթարկվեցին, գնդակահարվեց Ասլանյան ազգանունով դաշնակցական մի սպա: Այս կապակցությամբ (ու մի շարք այլ պատճառներով, որոնց թվում, ով զարմանք, Նժդեհին մեղադրում էին նաև Լեռնահայաստանի անկումն արագացնելու մեջ) Թավրիզում Նժդեհը Հ.Յ.Դ. բյուրոյի կողմից կուսակցության գերագույն Դատական Ատյանի մոտ պատասխանատվության կանչվեց (այս մասին հպանցիկ հիշում է նաև դաշնակցության հայտնի գործիչ  Անդրե Ամուրյանը (Ավո «Նժդեհ», էջ 444-445): Թեև Նժդեհը դատարանին (նաև` ՀՀ նախարարական խորհրդին ու Հ.Յ.Դ.` Ատրպատականի ԿԿ-ին) մանրամասն բացատրագիր ներկայացրեց Լեռնահայաստանի անկման պատճառների մասին (Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիվ (ԱՄՆ, Բոստոն), գործ 1611-28, էջ 108-162, 213-230: Տե´ս նաև «Նորք» հանդես, Երևան, 1923, թիվ 3, էջ 328-363), սակայն, 1921 թ. սեպտեմբերին կուսակցության դատարանը Ս.Վրացյանի առաջարկով վճռեց «հեռացնել Գ. Նժդեհին դաշնակցության շարքերից և ներկայացնել նրա գործը կուսակցության 10-րդ Ընդհանուր Ժողովին» (Հ.Յ.Դ. Կենտր. Արխիվ (ԱՄՆ, Բոստոն), գործ թիվ 1611-28, էջ 375-378: Տե´ս նաև «Նոր աշխարհ»ամսագիր, Թիֆլիս 1922թ., թիվ 3, էջ 138-141):
1925 թ. Հ.Յ.Դ. 10-րդ Ընդհանուր Ժողովի կողմից Նժդեհը վերականգնվում է կուսակցության շարքերում (ՀՀ ԱԱՆ արխիվ, ԳԿՖ, գ. 11278, հտ.3):
 Թավրիզում եղած ժամանակ անգլիացնիները Նժդեհին առաջարկում են վերադառնալ Հայաստան և այնտեղ ապստամբություն բարձրացնել (այդ ժամանակ Լենքորանում տեղի բնակչությունը ապստամբել էր խորհրդային իշխանության դեմ), որը Նժդեհի կողմից մերժվում է:
Թավրիզում մոտ չորս ամիս գաղտնի ապրելուց հետո Նժդեհը մեկնում է Բուլղարիա և հաստատվում Սոֆիայում: Այստեղ, հավանաբար, 1922 թ. նա ամուսնանում է Էփիմե անունով հայուհու հետ (ծնվ. 1902թ.):

1922 թ., լինելով Բուխարեստում, Նժդեհն այնտեղ գտնվող Վարդան Գևորգյանին առաջարկում է իր տրամադրության տակ գտնվող նյութերի հիման վրա գրել «Լեռնահայաստանի հերոսամարտը», որը լույս տեսավ 1923 -ին:
1923 թ. կրկին լինելով Բուլղարիայում` Նժդեհը տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը- թե ինչո՞ւ զենք բարձրացնի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով («Նոր Արշալույս», Բուխարեստ, 1923, թիվ 10-11):
 Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը` 1923-1925 թթ.` ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում: 1924-1925 թթ. նա  հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում: Մասնավորապես, 1924 թ. այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով Կահիրեում:
1926 թ. Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» դաշնակցության թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորությանը» շարքը (այն 1929-ին Բեյրությում լույս է տեսնում առանձին գրքույկով):

1926-ից Բուլղարիայի կուսակցական կազմակերպությունը (Նժդեհը տեղի Հ.Յ.Դ. ԿԿ-ի անդամ էր) բաժանվում է Նժդեհի և բյուրոյի կողմնակիցների: Կուսակցության բյուրոն գտնում էր, որ կարելի և ցանկալի է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի հետ, և այդ մտայնության հաստատմանը նպաստող մի շարք հրապարակումներ եղան, որոնց թվում բյուրոյի քարտուղար Ռուբենի «Հայ-թուրքական կնճիռը» (1924թ): Նժդեհը, որպես այդ գրքի պատասխան, 1927 թ. Սալոնիկում լույս ընծայեց «Որդիների պայքարը հայրերի հետ» գրքույկը: Միաժամանակ, որոշ հրապարակումներ ունեցավ Շահան Նաթալու կողմից Փարիզում 1928-1929 թթ. խմբագրվող, ընդգծված հակաթուրքական ուղղվածությամբ «Ազատամարտ» շաբաթաթերթում, ինչպես նաև` Բուլղարիայի դաշնակցական «Նոր Արաքս» թերթում:

1932-ին Սոֆիայում լույս տեսավ նրա հերթական գրքույկը` «Ցեղի ոգու շարժը» վերնագրով, որում (ինչպես նաև «Խռովք» ամսագրում նույն թվին լույս տեսած «Ցեղակրոնությունն` իբրև հաղթանակի զորույթ» հոդվածում) նախանշվեց հայկական ցեղային շարժումը:
1933 թ. Փարիզում կայացավ Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր Ժողովը, որին Նժդեհը մասնակցում էր իբրև պատգամավոր Բուլղարիայից: Վերջինս ժողովի առջև բարձրացրեց և անցկացնել տվեց երեք հիմանական հարցեր. 

ա) ձգտել, որ գաղութահայությունը դառնա զինական գործոն Հայաստանի ինքնապաշտպանության գործում,
բ) կազմակերպել հայ երիտասարդ սերունդն ապակուսակցական հողի վրա, 
գ) բոլոր ուժերը կենտրոնացնել հակաթուրքական ճակատում (ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿԳՖ, գ. 11278, հտ.2):
 Բ կետի հիման վրա 1933 թ. ամռանը Նժդեհը մեկնեց ԱՄՆ: Ընդհանուր Ժողովի որոշումով Նժդեհի հետ ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում թուրքական դեսպան Մուտար բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը Թանդրճյանին այդ գործում պետք է աջակցեր:
Մինչև Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ` «Հայորդիք», «Որդիք Հայաստանեայց» և այլն: Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու և մեկ հայտարարի բերելու դժվարին գործը ստանձնեց Նժդեհը` ստեղծելով Ցեղակրոն Ուխտերը: Շարժման գաղափարախոսության վերաբերյալ 1933-ի վերջին Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում նա հանդես է գալիս` ամերիկահայ նորահաս սերնդին ուղղված «Ցեղային արթնություն» խորագիրը կրող հոդվածաշարով («Հայրենիք» օրաթերթ, Բոստոն 1933 թ., թիվ 6517, 6520, 6524, 6528, 6534, 6542, 6545, 6554, 6568, 6583):

 Ժամանելով ԱՄՆ` Նժդեհը` «օժտված մարգարեական շունչով ու մոգական հմայքով, Ամերիկայի մեկ ծայրեն մյուսը Էլեկտրականացուց մթնոլորտն իր կուռ բանախոսություններով, անկեղծ ու անվախ արտահայտություններով և անվիճելի փաստերով» («Հայրենիք» օրաթերթ, բոստոն 1963 թ., 13 սեպտ., էջ 2):
Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի` Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ: Եվ ինչպես խոստովանում է Ռուբեն Ղարիբյանը` «Առանց Նժդեհի ներշնչած ոգևորության, առանց անոր մղից ուժին, առանց անոր առինքնող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպվիլ այնքա~ն կարճ ժամանակի մեջ» (նույնը, էջ 1): Այս շարժման շնորհիվ էր, որ նրանով խանդավառված ամերիկահայ «բազմահազար երիտասարդ-երիտասարդուհիներ սկսան ոչ միայն ամոթ զգալ իրենց հայության համար, այլ` հպարտություն…» (Ավո, «Նժդեհ», էջ ժբ):

1934-ի սկզբին Նյու Յորքի Սբ. Խաչ եկեղեցում դաշնակցական խմբապետի ձեռքով դաշունահարվեց ամերիկայոց հոգևոր առաջնորդ Ղևոնդ արքեպ. Դուրյանը: Դուրյանի սպանության կազմակերպման պատասխանատվությունը տարբեր ուժեր փորձեցին վերագրել Նժդեհին` Ցեղակրոն շարժումը չեզոքացնելու դավադիր մտայնությամբ:
«Իմ այդ ազգահոգ մտայնության համար հայության հատվածականացած, ապահայրենացած ու պարտվողական տարրերը դավադրեցին ինձ»,-գրում է Նժդեհն իր «Ինքնակենսագրությունում»:
Ամեն դեպքում Ցեղակրոն շարժումը զգալի հաջողություններ ունեցավ ԱՄՆ-ում, իսկ Նժդեհը 1934 թ. աշնանը վերադարձավ Սոֆիա: Այստեղ 1935-ին նա լույս ընծայեց «Ամերիկայությունը-Ցեղը և իր տականքը» աշխատությունը` միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային: Սակայն նրա հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության (հատկապես կուսակցության փաստացի բյուրոյապետ Ռուբենի) հետ խիստ լարվեցին և այդ հողի վրա 1936-ին Բուլղարիայի կազմակերպությունը պառակտվեց: Հակասությունները Նժդեհի ու կուսբյուրոյի միջև այնքան էին սրվել, որ Բուլղարիայում մայիսի 28-ը Ցեղակրոն Ուխտերն ու տեղի Դաշնակցության ԿԿ-ն նշում էին առանձին, ցեղակրոնները` Պլովդիվում, Վառնայում, ԿԿ-ն` Սոֆիայում ու Բուրգասում (Ռ. Մարտիրոսյան «Դաշնակցության գործունեությունը 2-րդ համաշխարհային տարիներին», Ե., 1987, էջ 48-49):
Այդ տարիներին ռուսների վտարանդիական, հակաբոլշևիկյան «ՌՕՎՍ» (Ռուսաստանյան համազորային միություն) կազմակերպությունը Բուլղարիայում դիմում է Նժդեհին` տալ 2-3 ահաբեկիչներ` Ստալինի մահապատժելու համար: Առաջարկը մերժվում է:

1937-ին Նժդեհը կանչվում է Կահիրե` կուսակցության բյուրո, որտեղ նրան փորձում են հաշտեցնել Ռուբենի հետ: Սակայն բյուրոյի հետ հանդիպումը ոչինչ չի տալիս, և Նժդեհը վերադառնալով Սոֆիա` նույն թվին հայտարարություն է անում Հ.Յ.Դ.-ից իր հեռանալու մասին: Բյուրոն ևս, առանց դանդաղելու, որոշում ընդունեց` «պառակտողական գործունեության» որակումով Նժդեհին կուսակցությունից հեռացնելու մասին: Իսկ 1938-ին Կահիրեում գումարված Հ.Յ.Դ. 13-րդ Ընհ. ժողովը Նժդեհին կուսակցության շարքերից, այս անգամ արդեն, արտաքսելու վճիռ տվեց:

*  *  *
Կուսակցությունից հեռանալուց հետո Նժդեհը շարունակում է Ցեղակրոն կազմակերպությունների ընդլայնումը, իսկ 1937-ին նույնպես Հ.Յ.Դ.-ից հեռացած Հայկ Ասատրյանի հետ, Սոֆիայում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազատագրական թերթը: 1937-ին Սոֆիայում լույս է տեսնում նրա «Իմ պատասխան» ուսումնասիրությունը` նվիրված Սյունիքի հերոսականին: Հիշատակելի է նաև «Հերկ» ամսագրում (որը խմբագրում էր Կարապետ Պալճյանը` ապագա կաթողիկոս Վազգեն Ա-ն) Նժդեհի մեկ գրությունը ժամանակի հայ երիտասարդության և նրա անելիքների վերաբերյալ` իբրև պատասխան «Հերկ»-ի խմբագրության հարցումներին («Հերկ», Բուխարեստ, 1939թ., թիվ 9, էջ 5-6):

 Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցնող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը: Այդ նպատակով` 1937-38 թթ. Հ.Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը (1938-1939 թթ. հանդես գալիս շարժման պաշտոնական օրգան «Տարոնի Արծիվում»): Դրանով Նժդեհը հետապնդում էր գործնական խնդիրներ. մասնավորապես սպասվող պատերազմի դեպքում Նժդեհը նախատեսում էր կազմակերպել կամավորական ջոկատներ, որոնք բուլղարական բանակի կողքին պիտի կռվեն Թուրքիայի դեմ: Թերևս, դա չէր սահմանափակվելու միայն Բուլղարիայով և տեղի հայությամբ. նպատակ կար ողջ գաղութահայությանը օգտագործել հակաթուրքական ճակատում:

1928 թ.` Հ.Յ.Դ. 13-րդ Ընդհանուր ժողովից հետո, կուսբյուրոյի լիազորությամբ Սոֆիա է ժամանում դաշնակցական գործիչ Կարո Սասունին, որը հայտնում է Նժդեհին, թե բյուրոն պատրաստ է ընդառաջել իր պահանջներին, միայն թե ինքը չստեղծի նոր կազմակերպություն: Նժդեհը փաստարկելով, որ թուրքական թերթերը անընդհատ հարձակումներ են գործում իր վրա, բայց ոչ Հ.Յ.Դ.-ի, որ կուսբյուրոյի ամեն անդամ կարող է բնակվել Թուրքային դաշնակից որևէ երկրում, իսկ իրեն նույնիսկ արգելվում է տարանցիկ ճանապարհ այդ երկրներով, որ Հ.Յ.Դ. ղեկավարությունը թշնամանք է տածում Ցեղակրոնությանն և Տարոնականության նկատմամբ…, ինքը հիմք չունի հավատալու, թե Հ.Յ.Դ. նոր բյուրոն քաղաքանապես ավելի իմաստուն կգտնվի, քան նախորդը (ՀՀ ԱԱՆ արխիվ, ԿԳՖ, գ. 11278, հտ. 2): Նմանօրինակ առաքելությամբ 1939-ին Նժդեհի հետ տեսակցություն է ունենում Դրոն` հորդորելով նրան խզել կապերը Բուլղարիայի ցեղակրոն կազմակերպության իր ընկերների հետ: Սակայն Նժդեհը մնում է անդրդվելի (տե´ս Դրոյի` 15 օգոստ, 1939 թ., Բուխարեստ թվակիր նամակը Ս. Վրացյանին, որը պահվում է Հ.Յ.Դ. բոստոնի կենտրոնական արխիվում):
 Եվ Նժդեհը սկսում է գործնական աշխատանքներ տանել` հրավիրելու Հ.Յ.Դ.-ից հեռացածների և Ցեղակրոնական շարժմանը հարողների համագումարը: Սակայն պայթեց երկրորդ աշխարհամարտը և ստեղծված իրադրությունը թելադրեց այլ պայմաններ:

*  *  *
Պատերազմի հենց սկզբից Գերմանիայում հակահայկական ալիք բարձրացավ. գերմանական շատ թերթեր արդարացնում էին 1925-ի հայերի կոտորածը, նացիստական մարդաբանական գիտությունը հայերին դասում էր «առաջավորասիրական» (ոչ արիական) ժողովորդների շարքում և ուներ խիստ բացասական կարծիք հայերի մասին: Բեռլինում պաշտոնապես հայտարարում էին, որ հայերն անցել են Գերմանիայի թշնամիների կողմը և այլն: Արձագանքելով դրան` երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին Բուլղարիայում, Ռումինիայում և եվրոպական այլ երկրներում բարձրացան հակահայկական տրամադրություններ: Բուլղարիայում կային թերթեր և կազմակերպություններ, որոնք կոչ էին անում հայերին արտաքսել երկրից, նրանց հետ վարվել այնպես, ինչպես հրեաների: Ռումինիայում վարչապետ Անտոնեսկուն հանձնարարել էր հայերին տեղահանել հայաշատ քաղաքներից…

Այս իրավիճակում Նժդեհը «Մշակութային մերձեցման բուլղարա-հայկական կոմիտեի» (որի փոխնախագահն էր ինքը և, միաժամանակ, աշխատում էր Սոֆիայում լույս տեսնող «Սվետլոգլազ» բուլղարական գրական թերթում) միջոցով կապվում է Սոֆիայի գերմանական դեսպանության հետ, իսկ 1942-ին անցնում Բեռլին` հարցերը տեղում լուծելու համար: Բեռլին մեկնելու նյութական հնարավորություն ունենալու համար Նժդեհը վաճառեց պատվո թրի վրայի ոսկին, որը 1936-ին նրան էր նվիրել հայ մայրերի 12 հազարանոց կազմակերպությունը` ի նշան երախտագիտության իր հակաթուրքական գործունեության:
Բեռլինում նա հանդիպում է նացիստական կուսակցության ներկայացուցչի հետ և իր անհանգստությունը հայտնում գերմանացիների կողմից տարվող հայկահայկական քարոզչության համար: Առաջնորդվելով «գերմանական գայլին կուշտ պահելու և հայ գառնուկին փրկելու» քաղաքական սկզբունքով` Նժդեհը վերջինիս հետ պայմանավորվում է Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ` Բեռլինում վարժվելու և Գերմանիայի` Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար: Նա կապվում է Հ. Ասատրյանի հետ, որի միջոցով Բուլղարիայում հավաքագրում և Գերմանիա են մեկնում 30 արևմտահայ երիտասարդ ցեղակրոններ: Այնտեղ որոշ ժամանակ վերժվելուց հետո, հակառակ Նժդեհի հետ պայմանավորվածության, 1943-ի աշնանը խումբ է ուղարկվում Ղրիմ` Կարմիր բանակի թիկունքում օգտագործելու համար: Սակայն, գերմանական հրամանատարության հետ խոսելուց հետո Նժդեհը կարողանում է հիմնավորել իր մարտիկների` ոչ թե Ղրիմում, այլ Թրակիայում գտնվելու անհրաժեշտությունը (այդ ժամանակ խիստ սրվում էին գերմանա-թուրքական հարաբերությունները) և անձամբ ժամանում է Ղրիմ, ու խումբը վերադարձվում է Բուլղարիա:

Այսպիսով, Նժդեհի համագործակցությունը նացիստների հետ եղել է գաղթաշխարհի հայությանը գերմանական սպառնալիքից փրկելու մտահոգությամբ և հակաթուրքական հողի վրա:
Նժդեհն իր մասնակցությունն է բերել 1942-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված և մինչև 1943-ի վերջը գործող Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր` Աբր. Գուլխանդանյան):
 Բեռլինում եղած ժամանակ գերմանացիների միջնորդությամբ հանդիպել է Դրոյի հետ` նացիստների հետ համագործակցության ձևի և համատեղ գործելու խնդիրների շուրջ առաջ եկած հակասությունները հաղթելու համար: Սակայն, Նժդեհի և Դրոյի միջև հաշտեցում չկայացավ:
1944-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները (իմա´ Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը-Լ.Մ): Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ… Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով, որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին»,- գրում էր Նժդեհը 1944-ի սեպտեմբերին` ձերբակալությունից քիչ առաջ (Գ. Նժդեհ «Ինքնակենսագրություն»):
1944-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» (ռուսերեն смерть шпионам բառի հապավումն է) բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից` ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում:
Որո՞նք էին Նժդեհի` Բուլղարիայում մնալու լուրջ պատճառները:
Հանձնելով կարմիրներին` Նժդեհը հույս ուներ, թե խորհրդային իշխանություններն իրեն, որպես հայ ազգայնականի, կօգտագործեն Թուրքիայի դեմ: Դրա համար, անշուշտ, իրական հիմքեր կային: Նա ենթադրում էր, որ Թուրքիան կդառնա թիրախ Խորհրդային միության համար (1945-ին խորհրդային բանակը, իրոք, պատրաստվում էր մտնել Թուրքիա), և Կարմիր բանակի` Թուրքիային հարվածի դեպքում, հնարավոր կլիներ ազատագրել Արևմտյան Հայաստանը ու այն կցել Խորհրդային Հայաստանին: Ճիշտ է եզրակացնում պատմաբան Ռուբեն Խուրշուդյանը` «Նժդեհը համոզված էր, որ սվինների վրա կանգնած խորհրդային կայսրությունը վաղ թե ուշ անպայման կփլվի¦:

Նա ուզում էր, որ կայսրության բեկորների վրա վերածնվեր ոչ թե փոքր հայկական պետություն, այլ մեծ, միացյալ Հայաստանը, որի իրականացման գաղափարին էր նվիրել նա իր ողջ կյանքը» (Գ. Նժդեհ «Խորհրդակցություններ», Երևան 1993թ., էջ 14-15):
Փաստորեն, Արևմտահայաստանի ազատագրման համար Նժդեհն իր քառասունամյա հակաթուրքական պայքարի փորձն էր առաջարկում խորհրդային իշխանություններին (այս խնդրի հետ կապված` Մոսկվայում նա հատուկ խոսակցություն է ունենում գեներալ Աբակումովի հետ): Սակայն, միջազգային քաղաքական կյանքում իրադարձությունների հետագա փոփոխություններն ի նպաստ Թուրքիայի, չարդարացրին Նժդեհի հույսերը. Խորհրդային բանակը չշարժվեց Թուրքիայի վրա:

1946-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ու դատաքննությունը ավարտվում է 1948-ին, և Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության` ժամկետը հաշվելով 1944-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին): Նժդեհի ձերբակալությունից հետո ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկների քաղաքը:

1947-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր, Սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն` «Հայկական իռենդենտա», որի նպատակը պետք է լինի Արևմտյան հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման` պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն: Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, յան-ը մերժվեց:

1948-52 թթ. եղել է Վլադիմիրի բանտում, այնուհետև` մինչև 1953 թ. ամռանը, Երևանի բանտում: Նժդեհի` երկրորդ անգամ Երևան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհ. Տևեճյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը` «առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցություն և խորհրդային իշխանություն` գործակցություն մը ստեղծելու համար» (Արմեն Սևան «Բանտարկյալի մը հուշերը», Նուենոս-Այրես, 1970թ., էջ 107): Այս խնդիրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայսատանի անվտանգության նախարարի հետ, որի արդյունքում 1953 -ին Նժդեհը և Տևեճյանը Երևանի բանտից համատեղ նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր)` հաղորդելով նրան մերձենալ ռուսներին` հակաթուրքական հողի վրա: Սակայն Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել, և այն մնաց միայն որպես փաստաթուղթ («Հայրենիքի ձայն» շաբաթաթերթ, Երևան, 1993, թիվ 34: «Երկիր» օրաթերթ, Երևան, 1992, 31-ը դեկտեմբերի):
Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահացել է 1995 թ. դեկտեմբերի 21-ին (Տևեճյանը նշում է նոյեմբերի 21-ը, որը ճիշտ չէ):
Խորհրդային ղեկավարությունը Նժդեհին զրկեց ընդհանուր ներումից օգտվելու իրավունքից, դա ա´յն դեպքում, երբ դրան արժանացան զգալի թվով հակախորհրդային գործիչներ և գերմանական բանակի զորավարներ:

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը` Լևոն Տեր-Հարությունյանը, շտապ մեկնում է Վլադիմիր: Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը` ոչ: Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան:
Նա կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա ռուսերեն պատվիրում գրել` «Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)» (Արմեն Սևան, «Բանտարկյալի մը հուշերը», էջ 133: Էջ 34-ում զետեղված է Վլադիմիրում Նժդեհի գերեզմանի լուսանկարը):

*   *   *
Սակայն, ինչպես ամեն մի իրական հերոս, Նժդեհը չմոռացվեց:
1963 թ. սեպտեմբերին Բոստոնի «Հայրենիք» ակումբում բացվեց Նժդեհի կիսանդրին, որը պատրաստվել էր Բեյրութում` արձանագործ Զավեն Խտշյանի ձեռքով (Կ. Գրորգյան «Ամենուն տարեգիրքը», 1964, էջ 577): Այս առիթով տեղի ունեցավ մեծ հանդիսություն. «Հայրենիք» օրաթերթը բացառիկ համար լույս ընծայեց` գրեթե ամբողջովին նվիրված Նժդեհին (1963 թ., 13 սեպտեմբերի), բացառիկ թիվ հրատարակվեց նաև Հայ երիտասարդաց դաշնակցության պաշտոնաթերթ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը: Իսկ 1968-ին Բեյրութում «Համազգային»-ը հրատարակեց Նժդեհին նվիրված ծավալուն և շքեղ մի գիրք (1989թ. այն վերատպվեց Լոս Անջելեսում` Հ.Յ.Դ. «Ռոստոմ» կոմիտեի հրատարակությամբ): Այս ամենը վկայում են, որ անկուսակցական դարձած Նժդեհը Դաշնակցության կողմից վերարժեքավորվում էր:

1993թ. Երևանում Հ.Յ.Դ. «Դեպի Երկիր» մատենաշարով, պատմաբան Ռուբեն Խուրշուդյանի առաջաբանով լույս տեսավ Նժդեհի «Խորհրդակցությունները», որն իրենից ներկայացնում է նրա` սովետական բանտախցերում գրված մտածումներն ու խոհերը, ինչի գոյության մասին (իբրև ձեռագիր) դեռևս վկայում է Նժդեհի բանտակից Տրեճյանը:

1983-ին Նժդեհի աճյունը Վլադիմիրից (գերեզմանի լուսանկարի օգնությամբ և Նժդեհի հարազատներից մեկի միջոցով) տեղափոխվում է Երևան: Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը ցինկի արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987-ին հանգրվանում է Գլաձորի Սպիտակավոր վանքի բակում (Վ. Առաքելյան «Նժդեհ», Երևան 1989թ., էջ 72. տե´ս նաև, Ա. Բունիաթյան, «Նժդեհի վերադարձը», Եր. 1999թ.): 

Իր մահից հետո տասնամյակներ անց միայն` 1992-ին Նժդեհը արդարացվեց, ինչի կարիքը ինքը երբևէ չուներ:

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38