ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Բարերարներ
Քըրք Քըրքորյան
Քըրք Քըրքորյան (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի). ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար
Ամերիկահայ գործարար, միլլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, որն ինքն է իրեն ստեղծել: Ունենալով ընդամենը 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և խելացիության շնորհիվ սկսեց զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ունեցած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի «արծիվ»: Նա Լոս Անջելեսի 2007 թվականի ամենահարուստ մարդն է: Ամերիկյան բանկերը նրան տալիս են վարկեր, որոնք հինգ անգամ գերազանցում են դրված գրավի չափսը: Դա համարժեք է հրաշքի` միլլիոններ անվան դիմաց: Պատանի տարիքում նա սկսում է զբաղվել ավտոմեքենաների բիզնեսով: Նա գնում էր հին, օգտագործված մեքենաներ, ներկում դրանք և վաճառում` աշխատելով 10-15 դոլլար: Բայց առաջին միլլիոնը նա ստացավ ոչ թե մեքենաների, այլ ինքնաթիռների միջոցով:

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նա վերջինն էր Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների չորս երեխաներից: Հետագայում Քըրքորյանների ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես:
«Տանը մենք հիմնականում խոսում էինք մայրենի լեզվով», – հիշում է Քըրքորյանը, – «Եվ միայն փողոցում հայտնվելուց հետո էինք սկսում անգլերեն սովորել: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Ես թերթեր էի վաճառում և զբաղվում ցանկացած պատահական աշխատանքով: Եթե դուք այդ տարիքում տրված եք ինքներդ ձեզ, ապա կյանք եք մտնում բավականին շուտ: Գործելու համար դուք լրացուցիչ էներգիա եք ստանում, որն ավելի է ոգևորում, քան ցանկացած ժառանգություն»:

Քըրքորյանները հաճախ էին փոխում բնակչության վայրը և Քըրքը ստիպված էր լինում ամեն անգամ նորեկ լինել դպրոցում, ամեն անքամ ինքնահաստատվել և ոչ միշտ խաղաղ ճանապարհով: Մեծ եղբայրը` Նշանը, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սկսում է նրան բռնցքամարտի դասեր տալ: Այդ դասերը իզուր չեն անցնում: Քըրքը այնպես է տարվում սպորտով, որ 8-րդ դասարանում թողնում է դպրոցը: Բացառված չէ, որ նա եղբոր պես կդառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե 1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օ’Ֆլաերտին:

Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը անցնում է նրա մոտ օգնականի աշխատանքի` աշխատելով ժամում 45 ցենտ: Մի անգամ Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ է տանում և առաջարկում է թռչել: Իր կյանքում առաջին անգամ Քըրքը օդ է բարձրանում, տեսնում երկիրն ու օվկիանոսը վերևից: Դա պատանու վրա այնպիսի մեծ տպավորություն է թողնում, որ նա առանց տատանումների կատարում է իր ընտրությունը` ինքնաթիռը – դա նրա կոչումն է:

Եվրոպայի վրա կախված էր 2-րդ համաշխարհային պատերազմի վտանգը: Քըրքորյանը վախենում էր, որ նրան բանակ կկանչեն ավելի շուտ, քան նա կսովորի թռչել:
1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի «Էդվարդս» ռազմաօդային բազան:
«Սովորելու համար գումար չունեմ» – անկեղծ հայտնում է Քըրքը օդաչու-հրահանգիչ Բերնսին, – «Եվ կրթություն նույնպես չունեմ: Սակայն ես պետք է թռչեմ: Դուք կօգնե՞ք ինձ»: Բերնսը օգնում է: 6 ամիս անց Քըրքորյանը ստանում է առևտրային օդաչուի և հրահանգչի որակավորում:

Իմանալով այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագավորական օդային ուժերի ռազմական ինքնաթիռներն իրականացնում են չվերթներ Կանադայից Եվրոպա, երիտասարդ օդաչուն ուղևորվում է Մոնրեալ և նույն օրը անցնում ծառայության:
«Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող» – հիշում է Քըրքորյանը, – «1000 դոլլար մե՛կ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել Կանադական Mosquito ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին և միայն չորսից մեկն էր հետ վերադառնում»:

Իր ծառայության 2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխում է 33 ինքնաթիռներ, անցկացնում հազարավոր ժամեր օդում և թռիչքներ իրականացնում չորս աշխարհամասերում: Արդյունքում նրան հաջողվում է պահպանել ոչ միայն սեփական կյանքը, այլ նաև վաստակած գումարների մեծ մասը: Այն գումարների, որոնք սկիզբ դրեցին Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը: 1945 թվականի հուլիսին, ավարտելով ծառայությունը, Քըրքորյանը ձեռք է բերում ուսուցողական Cessna մեկ շարժիչային ինքնաթիռը, վերադառնում է Լոս Անջելես և սկսում իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ: Նրա հիմնական հաճախորդներից էր ոմն Ջերրի Վիլիյամս, որը շաբաթական երկու անգամ թռչում էր Լաս Վեգաս: Առաջին անգամ Քըրքորյանը ծանոթանում է Լաս Վեգասի հետ, որը մեծ տպավորություն է թողնում նրա վրա: 40-50-ական թվականներին նրան այնտեղ արդեն գիտեին որպես հմուտ խաղացողի, որը ժամանակ առ ժամանակ կարող էր հաղթել, բայց ավելի շուտ պարտվել 50-80 հազար դոլլար մեկ գիշերվա ընթացքում: Բայց վերջիվերջո նա թողնում է խաղալը և ամբողջվին տրվում ավելի հետաքրքիր` ֆինանսական «խաղերին»:

1947 թվականին Քըրքորյանը 60.000 դոլլարով գնում է Los Angeles Air Service փոքրիկ չարթերային ավիաընկերությունը, որն օդային կամուրջ է դառնում Լոս Անջելեսի և Լաս Վեգասի միջև: Հետագայում, 1968 թվականին, նա վաճառում է այն 104 միլլիոն դոլլարով: 1965 թվականին Քըրքորյանը դառնում է TIA-ի` ԱՄՆ-ի Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Միացյալ Նահանգների հայերը, վստահելով իրենց հայրենակցին, սկսում են գնել միության արժեթղթերը, որի արդյունքում դրանց գինը հասնում է 9,75-ից 32 դոլլարի: Եկամուտները սկսում են աճել: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում էլ նա իրականացնում է մի գործարք, որը Fortune ամսագիրը հետագայում կանվանի Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքներից մեկը: Քըրքորյանը 960.000 դոլլարով գնում է 80 ակր հողատարածք: Դա մի նեղ շերտ էր «խաղային դրախտի» գլխավոր փողոցի երկայնքով: Հողատարածքը կտորներով վարձով տալով` նա կարողանում է մինչև այն վաճառելը աշխատել 4 միլլիոն դոլլար:

Այնուհետև Քըրքորյանը սկսում է իրականացնել իր նոր միտքը` ստեղծել առաջին մեգահանգստավայրը Լաս Վեգասում` MGM հյուրանոցը: Այդ նպատակով նա գնում է 82 ակր հողատարածք Paradise Road-ի վրա և առանց դանդաղելու սկսում շինարարությունը: Նա ձեռք է բերում նաև հարևան «Ֆլամինգոն»: Նրա երևակայության հաջորդ ծնունդը International-ն էր` այն ժամանակվա աշխարհի խոշորագույն հյուրանոցային համալիրը: Համալիրի ներսում Քըրքորյանը մտածում է հատուկ վայր, որտեղ երեխաները կարող էին խաղալ, լողանալ և զվարճանալ, քանի դեռ նրանց ծնողները գտնվում էին խաղատներում: Նա անվանեց Լաս Վեգասի այդ առաջին մանկական հրապարակը Youth Hostel: 60-ական թվականների MGM հյուրանոցը այժմ կրում է Bally’s անվանումը, սակայն Լաս Վեգասն այսօր զարդարում է մեկ այլ հյուրանոց, նույնպես կառուցված Քըրքորյանի կողմից և կոչվում է MGM Grand:

1969 թվականին, խաղային բիզնեսում իր գործունեությանը զուգահեռ, Քըրքորյանը սկսում է մտնել հոլիվուդյան կինոարտադրություն` գնելով MGM (Metro Goldwyn Mayer) կինոընկերության արժեթղթերը: Հետագայում MGM-ին ավելանում են նաև United Artists-ը, Columbia Pictures-ը և 20th Century Fox-ը: 1973 թվականին Քըրքորյանը կառուցում է Լաս Վեգասում իր հերթական հյուրանոցը` կրկին ամենամեծը աշխարհում և անվանում այն Grand Hotel: Քըրքորյանը փորձում է իր ուժերը նաև ավտոմոբիլային բիզնեսում: 1980-ականներին նա դառնում է Chrysler ընկերության բաժնետերը: Նրան է պատկանում նաև General Motors ընկերության արժեթղթերի մեծ փաթեթ:

Այսօր Քըրք Քըրքորյանը 93 տարեկան է: Սակայն հաջողակ գործարարն ու հայազգի բարեգործը չի պատրաստվում թողնել բիզնեսը: Ամեն ինչ դեռ առջևու՛մ է:

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38